«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԸՆՏՐԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ, ՈՐ ՆԱ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԴԱՌՆԱ»

«ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԸՆՏՐԵԼԸ ԴԵՌ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ, ՈՐ ՆԱ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԴԱՌՆԱ»
08.11.2011 | 00:00

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ (արդարադատության նախարար)

-Մարդու իրավունքների պաշտպանն ամիսներ առաջ դիմել էր Ձեզ` երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով: Արդյունքը չի երևում, ներվե՞լ են դատավորները:
-Գործերից մեկը դատական փուլում է, մյուսները դեռ ուսումնասիրվում են: Այսօր նախարարությունն ուսումնասիրում է արդարադատության խորհրդի ողջ պրակտիկան, շուրջ երկու հարյուրից ավելի որոշումներ ենք կայացրել, որպեսզի հստակություն լինի` ինչո՞վ են նման դեպքերը պայմանավորված: Այս ամենից ելնելով, որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտ, որոշակի կլինեն նաև իմ քայլերը:
-Դատավորների պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են:
-Այդ խնդիրը լուծում են արդարադատության խորհուրդն ու հանրապետության նախագահը:
-Այնուամենայնիվ, հիմքերը բավարար չե՞ն, որ նշված դատավորների ու քննադատության թիրախում հայտնված այլ դատավորների նկատմամբ նման որոշում կայացվի:
-Երկրորդեմ` վերոհիշյալ դատավորների գործերն ուսումնասիրման փուլում են: Բացի այդ, նույն գործընթացում են նաև երկու տասնյակից ավելի դատավորների գործեր: Այսինքն, դա անընդհատ ընթացող գործընթաց է: Այս պարագայում, կարևորելով ՄԻՊ-ի նշանակությունը, առաջնություն է տրվել այդ գործերին:
-Այսօր դատական համակարգից խիստ դժգոհություն կա, հանրությունը չի վստահում այս օղակի գրեթե ոչ մի որոշման: Որպես արդարադատության նախարար, չե՞ք կարծում, որ իսկապես առողջ քննադատություն է հնչում:
-Եթե քննադատությունն ինքնանպատակ է ու հնչում է փաստաբանի շուրթերից միայն այն պատճառով, որ գործը պարտվել է, առողջ քննադատության ոչ մի հատիկ չեմ տեսնում: Եթե քննադատությունն ինստիտուցիոնալ փոփոխություն է ենթադրում, օբյեկտիվ է, դրանք գործիքներ են, որոնց շնորհիվ և՛ արդարադատության նախարարը, և՛ օրենսդրական նախաձեռնության մյուս սուբյեկտները կարող են այդ համակարգի վրա ազդել: Դատական համակարգի նկատմամբ հանրության դժգոհությունն իսկապես մտահոգիչ է, այն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվ պատճառներից պիտի առանձնացնել մամուլում տեղ գտնող պատեհ-անպատեհ քննադատությունը, դեպքերի անհիմն վերլուծությունը: Ինքս այդ հրապարակումներին հետամուտ եմ լինում ու պարզում, որ իրականում «տակը» ոչինչ չկա: Իհարկե, մյուս կողմից էլ կան դեպքեր, երբ անձինք չեն պատժվում, օրենսդրության, կադրերի խնդիրներ կան, անպատժելիության մթնոլորտ: Այսօր մշակման փուլում է 2012-2014 թթ. դատաիրավական բարեփոխումների փաթեթը, որտեղ այդ բոլոր հարցերին համապարփակ ձևով անդրադարձ կա: Առաջին անգամ է, որ փորձ է արվում կարգավորելու դատական իշխանությանը հարակից ծառայությունների գործունեությունը՝ փաստաբանական, նոտարական, ռեգիստրների, քրեակատարողական հիմնարկների և այլն: Այս ամենը ժամանակի ընթացքում իր դրական արդյունքը կտա: Սա այն ոլորտն է, երբ միշտ չէ, որ միայն օրենսդրական փոփոխությունները կարող են տեղաշարժ արձանագրել, անհրաժեշտ է մտածողության փոփոխություն: Օրենսդրական բարեփոխման արդյունքում ամենալավ մասնագետին կարող ես ընտրել, բայց դա դեռ երաշխիք չէ, որ նա ամենալավ դատավորը կդառնա:
-Հանրության այս դժգոհության ֆոնին դատավորների, դատախազների աշխատավարձի բարձրացումն արդարացվա՞ծ է:
-Կողմ եմ աշխատավարձի բարձրացմանը, բայց դա ինքնանպատակ չպիտի լինի: Այնպես չէ, որ ձեզնից դժգոհ ենք, ձեր աշխատավարձը պիտի կրճատենք: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է առկա խնդիրները լուծելու համար: Սա հակակոռուպցիոն ռազմավարության անկյունաքարերից մեկն է:
-Աշխատավարձի բարձրացումը կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի՞:
-Աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ այլ քայլեր պիտի անել` խնդիրներին համալիր լուծում տալու համար: Արագ, կտրուկ փոփոխություններ դատական իշխանությունում, ի տարբերություն հանրային ծառայություն մատուցող ոլորտների, միանգամից չպիտի սպասել:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ